Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/1/2025
share

Հայաստանում շարունակվում է SLAPP գործընթացների պրակտիկան

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2025թ․հունվարի 13-ին Երևանի քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ը հայցն ընդդեմ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնության զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակայնորեն հերքելու և փախհատուցման պահանջով։

Դատարանը Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնությանը պարտավորեցրել է վճարել 500․000 դրամ, (Հայցվող կողմը 6 մլն դրամի պահանջ էր ներկայացրել)։

Դատարանի որոշման համաձայն՝ ՀԲՃ նախաձեռնությունը պարտավոր է հրապարակայնորեն հերքել իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում 2023թ․ հուլիսի 11-ին հայտարարությունում տեղ գտած հրապարակումը։  

Իսկ 2025թ․ հունվարի 13-ին ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունն է հայց ներկայացրել «Հետաքննող լրագրողներ» լրատվամիջոցի դեմ 2024 թ․ դեկտեմբերի 25-ին «HETQ.AM» կայքում և «Հետք» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերտառությամբ հոդվածում հրապարակված պնդումները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և 2մլն. դրամի փոխհատուցման պահանջով։  

Դատական գործընթացների միջոցով բնապահպաններին լռեցնելու գործընթացը միջազգային տերմինալոգիայով ստացել է SLAPP (Ռազմավարական հայցեր՝ ընդդեմ հանրային մասնակցության) գործընթացներ անվանումը։ Որի վերաբերյալ անդրադարձ կա նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցում։

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի «ՔՀԿ չափիչ 2023 Հայաստան» հետազոտական զեկույցի՝ բազմաթիվ են եղել լրատվամիջոցների և լրագրողների դեմ զրպարտության և վիրավորանքի հիմքով դատական հայցերը՝ պահանջվող փոխհատուցման զգալի չափերով: Բացի այդ, մի շարք դատական հայցեր են հարուցվել անհատների դեմ՝ սոցիալական ցանցերում կատարած հրապարակումների հիման վրա։

«Այդ գործերի օրինականությունն ու համաչափությունը հետագա քննության կարիք ունի»,-նշված է զեկույցում,-Ուստի այս ոլորտի գործնական դաշտի գնահատականը նվազել է՝ արդյունքում հանգեցնելով ոլորտի ընդհանուր գնահատականի նվազմանը (4,8-ից դառնալով 4,7 միավոր)»։

Մոնիտորինգի արդյունքում 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին հայտնաբերվել է տարբեր տեսակի ճնշումների 18 դեպք, որոնք հիմնականում զրպարտության և վիրավորանքի հիմքով դատական հայցեր են, ինչպես նաև ընդդիմադիր հայացքներ արտահայտող լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողների նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքի դրսևորման դեպքեր։

Զեկույցում նշված է նաև՝ Հանքարդյունաբերական ընկերությունների կողմից բնապահպան ակտիվիստների դեմ մի շարք դատական գործեր են հարուցվել (հիմնականում զրպարտության և վիրավորանքի հիմքով), որոնք, ըստ ՔՀԿ-ների, նպատակ ունեն լռեցնել և կանխել բնապահպանական բողոքները։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ զեկույցում առանձնացվել են պետությանը ներկայացվող առաջարկություններ, որոնց թվում նաև՝ SLAPP հայցերի դեմ օրենսդրական ու գործնական միջոցառումների ձեռնարկում։

 

2024թ․ դեկտոմբերի 24-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը փորձագիտական կարծիք էր հրապարակել, ըստ որի՝ Հայաստանում ձևավորվում են Ռազմավարական հայցեր՝ ընդդեմ հանրային մասնակցության (SLAPP) պրակտիկան, որը վտանգում է ժողովրդավարությունն ու մարդու հիմնարար իրավունքները մեր երկրում։

SLAPP-ներն ուղղված են իրավապաշտպանների, լրագրողների, հանրային գործունեություն ծավալող այլ անձանց դեմ, որի նպատակը պատասխանողների նկատմամբ ճնշում գործադրելն է, նրանց հանրային գործունեությանը հակազդելն ու ակտիվությունը զսպելը։ Որոշ երկրներում արդեն իսկ ընդունվել են օրենքներ այդ դատավարությունների կանխարգելման և դրանց թիրախների պաշտպանության նպատակով։

Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Եվրոպական խորհրդի՝  Հայաստանում անհրաժեշտ է հատուկ իրավական ակտերով հակազդել SLAPP գործընթացներին: ՀՀ իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն կատարելու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Հանրային մասնակցության դեմ ուղղված ստրատեգիական դատական հայցերին հակազդելու (SLAPPs) հանձնարարականի» պահանջները։

 

 

facebook sharing button facebook