
2025 թվականի մայիսին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը համատեղ այցելել էին Սյունիքի մարզի սահմանամերձ մի շարք բնակավայրեր՝ Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ալվանք, Շվանիձոր, Խնածախ և Խոզնավար։
Տեղում իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում բնակիչները բարձրաձայնել էին կենսական նշանակության խնդիրներ՝ խմելու և ոռոգման ջրի անհասանելիությունից մինչև անվտանգության երաշխիքներ, տրանսպորտի բացակայություն և բժշկական օգնության հասնելու դժվարություններ։
ՄԻՊ աշխատակազմի և իրավասու պետական մարմինների հետագա հետևողական համագործակցության արդյունքում արձանագրված խնդիրների մի մասն այսօր արդեն լուծվել է։ Մասնավորապես՝ Մեղրիում շահագործման է հանձնվել դատաբժշկական կենտրոնի նոր մասնաշենքը, ընթացքի մեջ են դիալիզի ծառայության կազմակերպման աշխատանքները, իսկ Շիկահողի և մի շարք այլ սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման հարցերը ներառվել են միջազգային դոնորների ծրագրերում։ Մասնավորապես հայտնում են
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած աշխատանքային խումբը 2025 թվականի մայիսին այց էր իրականացրել Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքներ, այդ թվում՝ Կապան համայնքի Շիկահող, Սրաշեն և Ծավ, Մեղրի համայնքի Ալվանք և Շվանիձոր, ինչպես նաև Տեղ համայնքի Խնածախ և Խոզնավար սահմանամերձ բնակավայրեր։ Այցն իրականացվել էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ համատեղ:
Այցի ընթացքում բնակիչները բարձրաձայնել էին խմելու և ոռոգման ջրի հասանելիության, զբաղվածության ապահովման, անվտանգության, սեփականության իրավունքի, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու դժվարությունների, բժշկական օգնության և սպասարկման, հանրային տրանսպորտի բացակայության, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:
Արձանագրված խնդիրներն ամփոփվել էին ՄԻՊ հաստատությունում և հասցեավորվել իրավասու պետական մարմիններին:
Դրանց ընթացքի նկատմամբ իրականացվել է հետագա հետևողական աշխատանք։
Պաշտպանի հաստատության և իրավասու պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բարձրացված խնդիրների մի մասը ստացել է լուծում:
Իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն` լուծումների մի մասը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում ավարտվել են Սյունիքի մարզի Մեղրի համայնքում «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Մեղրիի ստորաբաժանման նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։ Բժշկական հաստատությունը հագեցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան գույքով և սարքավորումներով և արդեն շահագործվում է։ Ծրագրով նախատեսվում է մարզերում, այդ թվում՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում դատաբժշկական ծառայությունների արդիականացման գործընթացի իրականացում,
Մեղրու բժշկական կենտրոնում դիալիզի ծառայության կազմակերպման նպատակով իրականացվում են մի շարք աշխատանքներ:
Շիկահող բնակավայրի խմելու ջրամատակարարման հարցի լուծման նպատակով 2025 թվականին «Խորավանդ» աղբյուրից խմելու-կենցաղային ջրօգտագործման համար տրամադրվել է համապատասխան ջրօգտագործման թույլտվություն:
Շիկահող, Ալվանք, Շվանիձոր, Խոզնավար և Խնածախ բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի բարելավման աշխատանքները ներառվել են միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվելիք ծրագրերում:
Վերը նշված բնակավայրերի բնակիչների կողմից բարձրացված մնացյալ հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հիմնարար իրավունքների ամբողջ ծավալով երաշխավորումն ու անխոչընդոտ իրացումն ապահովելը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է»․ ՄԻՊ
