Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/9/2026
share

Աղբի «հորիզոնականը». Ինչո՞ւ են Հնդկաստանն ու Ֆիլիպինները ձախողում պլաստիկի դեմ պայքարը և ի՞նչ է թաքցնում պաշտոնական վիճակագրությունը

Ասիական երկրներում աղբավայրերն ու պլաստիկի վերամշակումը վաղուց դուրս են եկել բնապահպանական պարզ խնդիր լինելու սահմաններից։ Այսօր դրանք վերածվել են թղթային մանիպուլյացիաների և անտեսված էկոլոգիական ռիսկերի մեծ շղթայի։ Մինչ պաշտոնական հաշվետվությունները զեկուցում են վերամշակման «հաջողված» տոկոսների մասին, իրականում աղբավայրերը շարունակում են գործել որպես դանդաղ ազդեցության ռումբեր։ Դրանք սովորական աղբակույտեր չեն, այլ բարդ ու վտանգավոր համակարգեր, որոնք տասնամյակներով թունավորում են ստորգետնյա ջրերը, օդն ու էկոհամակարգերը։

Մինչ հանրային ուշադրությունից վրիպում է աղբի «ճանապարհորդությունը», թաղված օրգանական թափոնները քայքայվելով արտադրում են մեթան, իսկ աղբի միջով անցնող անձրևաջրերը ձևավորում են ծանր մետաղներով, ախտածիններով ու միկրոպլաստիկով հագեցած թունավոր հեղուկ:

Աղբավայրը՝ որպես ինժեներական օբյեկտ

Փորձագետները պնդում են, որ Հնդկաստանը պետք է արմատապես փոխի մոտեցումը։ Աղբավայրերին անհրաժեշտ է ցուցաբերել նույն գիտական ու ինժեներական ուշադրությունը, ինչ տրամադրվում է ջրամբարներին կամ կեղտաջրերի մաքրման կայաններին։

«Աղբավայրերը չեն կարող դիտարկվել որպես պարզապես աղբը նետելու վայրեր։ Դրանք բարդ կենսաերկրաքիմիական համակարգեր են, որոնք պահանջում են նույն խիստ ինժեներական վերահսկողությունը, ինչ ամբարտակներն ու կեղտաջրերի մաքրման կայանները», — ընդգծում է հետազոտության հեղինակ Պոնդհարշինի Պոննուսամին։

Ավանդական համակարգերը չեն ֆիքսում միկրոպլաստիկի արտահոսքը։ Անհրաժեշտ է անցնում կատարել արբանյակային լուսանկարահանման, ջերմային սենսորների (ստորգետնյա հրդեհները նկատելու համար), դրոնների և արհեստական բանականության (ԱԲ) միջոցով իրական ժամանակում իրականացվող վերահսկողության։

Մանրէաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ աղբավայրերում գոյատևող որոշ բակտերիաներ ունեն պլաստիկը քայքայող գեներ։ Սրան զուգահեռ՝ անհրաժեշտ են ինժեներական պատնեշներ՝  թունավոր հոսքերը կանխելու համար։

Ֆիլիպինների «հաջողության» մութ կողմը. Թղթային ցուցանիշներ և իրականություն

Ասիական տարածաշրջանում պլաստիկի դեմ պայքարի ուշագրավ, բայց խնդրահարույց օրինակ է Ֆիլիպինները։ Երկիրը տարեկան գոյացնում է 1․5-ից 2․7 միլիոն տոննա պլաստիկ աղբ, որի զգալի մասը մեկանգամյա փոքր փաթեթներն են (սաշե)։

2022-ին ընդունված «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրենքով (EPR) խոշոր ընկերություններին պարտադրվեց հավաքել իրենց արտադրած պլաստիկը։ 2026-ի սկզբին իշխանությունները հպարտությամբ հայտարարեցին 55․98% վերականգնման մասին՝ գերազանցելով 40% թիրախը։ Սակայն թվերի հետևում բոլորովին այլ իրականություն է թաքնված․

Մանիպուլյացիաներ և «էժան» լուծումներ

«Թղթի վրա 56% վերականգնման ցուցանիշը տպավորիչ է թվում, բայց երբ խորանում ես թվերի մեջ, պարզ է դառնում, որ խոսքը երկրի ընդհանուր պլաստիկ աղբի ընդամենը 10-16%-ի մասին է», — նշում է հետազոտող Վանհիշիկա Վյասը։

Հայտարարված 56%-ը վերաբերում է միայն օրենքի տակ ընկնող խոշոր ընկերությունների հայտարարագրած ծավալին (մոտ 440 հազար տոննա), այլ ոչ թե երկրի ընդհանուր պլաստիկ աղբին։

«Ընկերությունները գտել են օրենքի շրջանցման էժան ճանապարհը. իսկական վերամշակման վրա $500 ծախսելու փոխարեն, նրանք $100-ով գնում են համավառելիքացման (co-processing) սերտիֆիկատներ և պլաստիկն ուղղակի այրում ցեմենտի վառարաններում», — պարզաբանում է Սիդհարթ Ղանշյամ Սինգհը։

Բացի այդ, ողջ համակարգը գոյատևում է չգրանցված աղբահավաքների հաշվին, որոնք չնչին գումարներով տնային տնտեսություններից հավաքում են թափոնները։

Ընդօրինակման արժանի մոտեցումներ

Հնդկաստանը, որն անցնում է շրջանաձև տնտեսության և պատրաստվում է մինչև 2047 թվականը դառնալ զարգացած երկիր, կարող է Ֆիլիպինների փորձից որդեգրել մի շարք արդյունավետ մեխանիզմներ։

«Ֆիլիպիններից քաղած ամենակարևոր դասն այն է, որ տուգանքները պետք է անմիջականորեն կապված լինեն չհավաքված պլաստիկի իրական արժեքի հետ, այլ ոչ թե լինեն ֆիքսված ցածր գումարներ», — հավելում է Տրիբհուվան Սինգհ Բիշտը։

Անհրաժեշտ է տուգանքի չափը կապել չհավաքված պլաստիկի իրական արժեքի հետ (չհավաքվածի արժեքի կրկնապատիկը) և պարտադրել անկախ արտաքին աուդիտ։

Սխալներ, որոնցից պետք է խուսափել

Միևնույն ժամանակ, կարևոր է հաշվի առնել հարևան երկրների թույլ տված վրիպումները, որպեսզի համակարգը չգործի միայն թղթի վրա։

Պետք է թույլ չտալ, որ ընկերություններն ինքնուրույն նկարեն իրենց «աղբային հետքի» թվերը, և արգելել պլաստիկի այրումը հաշվառել որպես մաքուր վերամշակում։

Թղթի վրա գրված տպավորիչ տոկոսները չեն ազատում շրջակա միջավայրը թունավորումից․ աղբի դեմ պայքարում վճռորոշ է ոչ թե վիճակագրությունը, այլ իրական վերամշակումը։

Աղբյուրը՝ Down To Earth

facebook sharing button facebook