Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
30/9/2026
share

Կոտրելով էկոակտիվիզմի մասին կարծրատիպերը. աշխատարան սկսնակ բլոգերների և կոնտենտ ստեղծողների համար (տեսանյութ)

Ինչպե՞ս պատմել էկոակտիվիզմի ու բնապահպանական խնդիրների մասին, որպեսզի հանրության շրջանում ձևավորվի իրական պատկերացում՝ ո՞վ է ակտիվիստը, հանուն ինչի է գործում և ինչո՞ւ է անհրաժեշտ, որ համայնքներում շատ լինեն ակտիվիստները։ Լոռու մարզի Փոքր Այրում գյուղի «Գրին Քեմփ» էկո-գյուղական տուրիզմի կենտրոնում եռօրյա աշխատարանը հենց այս հարցերի շուրջ էր։ Մասնակիցները տարբեր մարզերի ոչ ավանդական մեդիայի ներկայացուցիչներ էին

 

Շիրակի մարզից երիտասարդ բլոգեր Լուսինե Գալստյանը «Քաղաքացու Ձայն»-ի հետ զրուցում անկեղծանում է՝ մինչ աշխատարանը էկրանից երևացող ու բարձր գոռացող մարդու կերպարով էր ընկալում ակտիվիստին ընդհանրապես ու էկոակտիվիստին՝ մասնավորապես։ Հիմա արդեն գիտի՝ որ ի շահ համայնքների են գործում, բայց դա շատ հաճախ աղավաղվում է։ Սեփական մեդիաբովանդակությամբ պատրաստ է կոտրել կարծրատիպերն ակտիվիստների ու բնապահպանների վերաբերյալ, ովքեր համայնքներում իրական փոփոխություններ բերողներն են.«Շատ նպատակահարմար կլինի, որ մենք ինքներս նյութեր պատրաստենք, հրապարակենք, խոսենք էկոակտիվիզմի բնապահպանության մասին, կոտրենք արդեն կարծրատիպերը և մեր աշխատանքը ներկայացնենք հենց պատմություններով, հետաքրքիր դեպքերով, որպեսզի մարդկանց էլ հասկանալի լինի, թե մենք ինչի մասին ենք խոսում, ով ենք մենք և ինչ ենք անում և ամենակարևորը՝ ում համար ենք անում»։

 

Սկսնակ բլոգեր Խաչիկ Ավետիսյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքից է։ Կարևորում է մեդիայում թացը չորից տարբերելը։ Ասում է՝ էկոակտիվիզմի և բնապահպանների մասին նյութերին պետք է առանձնակի ուշադիր լինել,որովհետև հենց նրանց շուրջ են շատ հաճախ մեդիայում հյուսվում անհավանական ու կեղծ պատմույթներ, որոնց պետք է հակազդել հավասարակշռված ու հավաստի բովանդակությամբ։ Արարատի մարզից Էդիկ Ալեքսանյանին, որ նույնպես սկսնակ բլոգեր է «Քաղաքացու Ձայն»-ին խոստավանում է՝ մինչ աշխատարանը տեղեկացված չէր ակտիվիզմի ու էկոակտիվիզմի մասին։ Պատկերացումները արմատապես փոխվել են։  Այսուհետ, ասում է, փորձելու է որակյալ ու հավաստի բովանդակությամբ կտրել կեղծ խոսույթների շղթան, որպեսզի ակտիվիզմի շուրջ ձևավորված վնասող խոսույթները չտարածվեն։

Կանաչ Խորհուրդների Դաշնության համահիմնադիր, ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանի դիտակմամբ՝ աշխատարանի շնորհիվ, երիտասարդներն առաջին հերթին սովորեցին ակտիվիստների մասին տեղեկություններին վերլուծաբար մոտենալ, հասկանալու խորքը, տեսնելու այն, ինչ դուրս է մնում մեդիայի տեսադաշտից. «Ամենակարևորը որ մենք այս դասընթացում սկսեցինք անել, դա մի փոքր քննադատորեն նայել նա մեր պատկերացումներին էկոակտիվիզմի վերաբերյալ, որովհետև նույնիսկ երբեմն ամենաչեզոք թվացող նարատիվները էկոակտիվիզմի վերաբերյալ, կարող է շատ ավելի խորը արմատներ ունենալ և կարող է շատ ավելի երկարաժամկետ հետևանք ունենալ, ու մենք երբեմն ինքներս էլ չենք պատկերացնում այդ մտքերը, գաղափարները որտեղից են գալիս։ Ու մասնակիցները այստեղ առաջին հերթին սկսեցին հարցականի տակ դնել իրենց պատկերացումները ու հասկանալ, որ մեդիայում շատ տարբեր նարատիվներ են շրջանառվում էկոակտիվի վերաբերյալ, որոնցից շատերը միտումնավոր թիրախավորում են ակտիվիստներին, փորձում հեղինակազրկել, ինչ-որ տեղ ստվերել այն խնդիրները, որոնք իրենք բարձրաձայնում են, ու այս կոնտեքստում մենք մտածում ենք, թե ինչպես կարող ենք հակակշռել այս նարատիվներին։ Ոչ թե պարզապես հերքելով այն մանիպուլյացիաները ու կեղծ տեղեկությունները, որոնք տարածվում են ակտիվիստների մասին, այլ ցույց տալով այն, ինչ դուրս է մնում մեդիայի տեսադաշտից, որովհետև այն, ինչ որ մենք տեսնում ենք, միայն այսբերգի գագաթն է, ակտիվիզմի շատ ավելի բազմազան է, շատ հարուստ է, շատ տարբեր ուղղություններով։ Այդ մարդկանց պատմությունները պատմելով է, որ մենք պետք է նաև ցույց տանք ավելի լայն հանրությանը, թե ի՞նչ է իրենից ներկայացնում էկոակտիվիզմը, ի՞նչ հանրօգուտ աշխատանք է և այս պատմությունները,  այս տարածված նարատիվները հնարավոր է միայն փոխել նրանով, որ, դրական ու տարբեր պատմությունները քանակապես գերակշռեն այն պատմություններին, որոնք միտված են հեղինակազրկելու կամ կեղծ պատմություններով կեղծ պատկեր ձևավորելու»։

Ակտիվիստների ու բնապահպանների իրական առաքելության մասին քիչ են խոսում՝ իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանն է կարծում։ Այս աշխատարանը հենց այդ բացն է լրացնելու, որ ոչ ավանդական մեդիա ոլորտի սկսնակները ստեղծեն իրական բովանդակություն՝ հիմնված մարդկային պարզ պատմությունների վրա․ «Այս կեղծ խոսույթներին պետք է հակազդել։ Ո՞նց։ Քիչ են խոսում էկոակտիվիստների կամ բնապահպանների իրական առաքելության մասին և այն բոլոր լավ  բաների մասին, որոնք նրանք իրականացնում են համայնքային մակարդակում։ Այս աշխատարանը իրականացվում է հենց այն նպատակով, որպեսզի ոչ ավանդական մեդիայի ներկայացուցիչները՝ բլոգերները, սկսնակ բլոգերները, ակտիվիստները, լրագրողները ներկայացնեն այն գործիքները, թե ինչպես պետք է հակազդել կեղծ խոսույթներին, իրականում ցույց տալով, ով է բնապահպանը կամ էկոակտիվիստը»։

Աշխատարանն իրականացվել է «Կանաչ ուղիները դեպի ժողովրդավարություն» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Առաջիկայում աշխատարանի մասնակիցները տարաբնույթ բովանդակություն կստեղծեն՝ ակտիվիստների ու էկոակտիվիստների վերաբերյալ՝ ցույց տալով տարածված կարծրատիպերի ու մոլորեցնող խոսույթների հակառակ կողմը՝ ով է իրականում ակտիվիստը և ինչու է կարևոր պատմել նրա մասին։

 

Մանրամասն՝ տեսանյութում։

facebook sharing button facebook