Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/6/2025
share

Հողերի նպատակային և գործառնական նշանակության խախտումները կարող են հանգեցնել պատասխանատվության

Իրազեկում՝ ՀՀ Հողային ֆոնդի` ըստ նպատակային և գործառնական նշանակության օգտագործման կարգի մասին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործառույթների արդյունքներից ելնելով, հարկ է համարում իրազեկել, որ Տեսչական մարմնի լիազորություններից է ՀՀ տարածքում պետական, համայնքային, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողային ֆոնդի` ըստ նպատակային և գործառնական նշանակության օգտագործման նկատմամբ վերահսկողությունը։

Վերահսկողության նպատակն է ապահովել հողերի օգտագործումը բացառապես դրանց օրինական՝ նպատակային, գործառնական և իրավական կարգավիճակին համապատասխան կերպով։

ՀՀ հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է`

 գյուղատնտեսական նշանակության – վարելահողեր, բազմամյա տնկարկներ,խոտհարքների, արոտավայրեր և, մշակման, անասնապահության, այլ գյուղատնտեսական աշխատանքների համար հողատեսքեր,

Բնակավայրերի նշանակության- բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի և այլ հողերի:

Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության - արդյունաբերական օբյեկտներ, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ, պահեստարաններ, հանքեր, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասեր:

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ - էլեկտրակայանների, ճանապարհների, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ;

Հատուկ պահպանվող տարածքներ - բնապահպանական (բնության հուշարձանների, արգելանոցների, ազգային և ծառաբանական զբոսայգիների ու պարկերի, բուսաբանական այգիների, արգելավայրերի (բացառությամբ` որսորդական) հողերը)), առողջարարական նպատակներով նախատեսված, հանգստի համար նախատեսված, պատմական և մշակութային (հուշազբոսայգիների, հուշահամալիրների, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանների, այդ թվում` պաշտամունքային կառույցների, պատմական և մշակութային արգելանոցների ու արգելավայրերի, պատմության, մշակույթի ու հնագիտական օբյեկտների, զինվորական և քաղաքացիական գերեզմանոցների, դամբարանադաշտերի և պատմական ու մշակութային այլ արժեքներով զբաղեցված հողամասեր):

Հատուկ նշանակության - ռազմական, պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության հողերը և օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների օգտագործման ու սպասարկման համար տրամադրված հողամասերը:

Անտառային նշանակության - անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողեր

Ջրային նշանակության - գետերով, բնական և արհեստական ջրամբարներով, լճերով զբաղեցված, ինչպես նաև ջրային օբյեկտների օգտագործման և պահպանության համար անհրաժեշտ հիդրոտեխնիկական, ջրատնտեսային և այլ օբյեկտների համար առանձնացված տարածքներ:

Պահուստային հողեր - համայնքներին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման իրավունքով չտրամադրված պետական հողերը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով կոնսերվացիայի արդյունքում տնտեսական շրջանառությունից հանված հողամասերը:

Ի՞նչ է «հողատեսքը» և «գործառնական նշանակությունը».

Հողատեսքը՝ հիմնականում գյուղատնտեսական կամ անտառային հողերի առանձնահատկություններն են. օրինակ՝ վարելահող, արոտավայր, բազմամյա տնկարկների, խոտհարքների, անտառներ, թփուտներ և այլ հողեր։

Գործառնական նշանակությունը՝ ֆիզիկական, որակական և նորմատիվային հատկանիշների համալիրն է, որը ներառում է հողամասի թույլատրված օգտագործումների և դրանց փոփոխությունների շրջանակը. այսինքն ինչպես է թույլատրվում օգտագործել տվյալ հողամասը, (օրինակ՝ բնակելի, հասարակական կամ արտադրական շինություններ կառուցել)։

Որտե՞ղ կարող եմ տեսնել հողի կարգավիճակը.

Հողի նպատակային նշանակությունը, հողատեսքը և գործառնական նշանակությունը նշված են հետևյալ փաստաթղթերում՝

 Պետական և ՏԻՄ մարմինների կողմից հողամաս տրամադրելու կամ փոփոխություն իրականացնելու վերաբերյալ որոշումներում,

 Սեփականության իրավունքի վկայականներում կամ պայմանագրերում,

 Անշարժ գույքի կադաստրային փաստաթղթերում,

 Պետական գրանցման վկայագրերում,

 Համայնքի գլխավոր հատակագծերում կամ հողօգտագործման սխեմաներում։

Բացի այդ նշված տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև օրենքով սահմանված կարգով:

ԻՆՉՈՒ՞ Է ԱՅՍ ԲՈԼՈՐԸ ԿԱՐԵՎՈՐ

Եթե դուք ցանկանում եք հողամասում ինչ-որ շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանք իրականացնել, կարևոր է նախ պարզել՝

ի՞նչ կատեգորիայի հող է,

ի՞նչ նպատակով է թույլատրված այն օգտագործել,

արդյո՞ք անհրաժեշտ է փոխել տվյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը։

Հարկ է ընդգծել, որ ցանկացած տիպի գործողություն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է նաև տեղեկացվել հողամասի օգտագործման սահմանափումների առկայության մասին։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հողերի նպատակային նշանակության խախտմամբ ցանկացած օգտագործում, այդ թվում՝ անօրինական շինարարություն կամ շահագործում, կարող է հանգեցնել պատասխանատվության, ուստի Տեսչական մարմինը կարևորում է Ձեր իրազեկվածությունը և հորդորում խստորեն պահպանել ՀՀ հողային օրենսդրության պահանջները։

 

facebook sharing button facebook