
ՍԱՏՄ-ն պարզել է հանրապետության տարբեր շրջաններում մեղուների անկման պատճառը։ Տեսչական մարմնից Factor.am-ին ասել են, որ Սյունիքի մարզի 20 և Վայոց ձորի մարզի 1 բնակավայրերում անկած մեղվաընտանիքներից լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք սնկային և մակաբուծային հիվանդությունների հարուցիչներ՝ վարրոատոզ, նոզեմատոզ և ամեբիազ: «Հանրապետության 2 մարզերի մեղվաբույծներից մեղվաընտանիքների անկման դեպքերի մասին ահազանգերից հետո Տեսչական մարմինը, կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, ինչպես նաև մեղվաընտանիքների անկման պատճառները պարզելու նպատակով, մեղվաբուծական տնտեսություններում նոր անկած մեղուներից իրականացրել է նմուշառում՝ ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների հայտնաբերման նպատակով։
Մեղվաբուծական տնտեսությունում նմուշառումներն իրականացվել են հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 15-ը ներառյալ»,- փոխանցել են ՍԱՏՄ -ից։ Ըստ այդմ՝ տեսչական մարմնի կողմից մեղվաբույծների հետ իրականացվել են բացատրական-խորհրդատվական աշխատանքներ, ինչպես նաև հայտնաբերված հիվանդությունների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով համատեղ իրականացվել են մեղվաընտանիքների մշակումներ: ՍԱՏՄ-ից նաև հայտնել են, որ մյուս մարզերում էլ այս պահին անցկացվում են մշտադիտարկումներ, որոնց արդյունքները կներկայացվեն ամփոփումից հետո:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի մեղվաբույծները ահազանգել էին, որ մեղուների մոտ անհասկանալի վարքագիծ են նկատել․ մեղուները լքել են փեթակները և չեն վերադարձել։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 16-ին, Մեղրիի համայնքապետարանն էր հաղորդել, որ մարզի մեղվաբույծներից ահազանգեր են ստացվել՝ մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ կապված։

