Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/10/2025
share

Կարգալույծ է հռչակվել Տ․Արամ քահանա Ասատրյանը

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝

  • Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,
  • Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,
  • Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,
  • Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

facebook sharing button facebook