
Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կաքավասար բնակավայրից ահազանգում են. խոշոր եղջերավոր կենդանիների խշխշուկ համաճարակ է տարածված․ անկած կեննդանիներին էլ պատշաճ չեն ոչնչացնում, ինչը համաճարակի տարածման պատճառ է դառնում։
«Քաղաքացու ձայնը» -ի հետ զրույցում Կաքավասարի բնակիչ Հենրիկ Շահնազարյանը հայտնել է, որ առաջին դեպքը գրանցվել է մոտ 1 ամիս առաջ։ Այդ ժամանակ անկած կենդանուն թաղել էին ոչ մեծ փոսում, գիշատիչ կենդանիները բացել էին փոսը և կերել մնացորդները՝ հանդիսանալով վարակի աղբյուր։
«Դրանից հետո արդեն մարդիկ գիտեին, շատ խորը փոս են փորում, բայց ոչ բոլորը ունեն այդ հնարավորությունը,- նշեց մեր զրուցակիցը,- մի մարդու կենդանի էլ անկեց, մարդը չունի հնարավորություն խոր փոս փորելու։ Դիմեցինք վարչական ղեկավարին, համայնքապատկան տրակտորը ուղարկեց, մի փոքր փոս փորեցին, կենդանու լեշը գցեցին մեջը, 2 բահ հող լցրին վրան ու գնացին։ Հավերը քանդել էին հողը և դա կարող է վարակի ավելի մեծ ալիքի պատճառ դառնալ։ Վարչական ղեկավարին մի քանի անգամ ասել ենք, ասել է տրակտորը ջրագծի անցկացման աշխատանքների մեջ է ներգրավված, և հիմա չեն կարող այդ խնդրով զբաղվել»։
Դեպքի վերաբերյալ Հենրիկը ահազանգել է իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանին։ Օլեգ Դուլգարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Շիրակի մարզպետարանից պատասխանել են, որ մարզում հիմնականում խոշոր եղջերավոր անասունները պատվաստված են ու այդ վարակն իրենց չի սպառնա։ Նրանք նշել են նաև, որ այդ վարակը մարդուն չի փոխանցվում, բայց անպայման կտեղեկացնեն տեսչական մարմնին, որպեսզի վերջիններս ևս կատարեն համապատասխան մշտադիտարկումներ և միջոցառումներ։
Ահազանգից հետո, ինչպես «Քաղաքացու ձայնը»-ին տեղեկացրել է Հենրիկ Շահնազարյանը, անկած անասունների դիերը տեղափոխվել են, վերաթաղվել, տարածքը ախտահանվել է քլորով։

