
Հոկտեմբերի 10-ին` ժամը 4.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, տարբեր սենյակներ են մուտք գործել դիմակավորված անձինք։ Քրեական ոստիկանները շտապ մեկնել են դեպքի վայր:
Պարզվել է, որ ժամը 4.20-ի սահմաններում անհայտ անձինք, ոստիկանական համազգեստով և դիմակներով, մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի։
Նախաձեռնվել է քրեական վարույթ` բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության հատկանիշներով։ Ոստիկանները դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերել են բջջային 4 հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ ու ձեռնոցներ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ավազակությունը կատարած 9 տղամարդկանցից մեկը մայրաքաղաքի Ֆրիկի փողոցի բնակիչ է` 41 տարեկան, մյուսները` օտարերկրացիներ։
Հետագա համատեղ միջոցառման շնորհիվ հոկտեմբերի 10-ի երեկոյան երևանցին հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Հաջորդ օրն առավոտյան ձերբակալվել է նաև օտարերկրացիներից մեկը։
Հոկտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում, նրանցից 4-ը հայտնաբերվել են Մեղրիի անցակետում: Շարունակվում են միջոցառումները` հանցանքին մասնակից ևս 2 անձի հայտնաբերման ուղղությամբ։ Ձերբակալվածների խուզարկությամբ հայտնաբերվել են գողոն հանդիսացող իրերը` պլանշետներ, բջջային հեռախոսներ և գումար։ Ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

