
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը քիչ առաջ դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման,-այս մասին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Դատավոր Ժորա Չիչոյանը որոշել է նաև վերացնել Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը և որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Նշենք, որ դատական պրակտիկայում շատ են դեպքերը, երբ ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատապարտելիս դատարանները որոշում են նրանց՝ ազատազրկման հետ չկապված խափանման միջոցները թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, սակայն այս դեպքում, փաստորեն, դատավոր Ժորա Չիչոյանը որոշել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոց գրավը փոխել կալանքով։ Դավիթ Համբարձումյանն, ըստ մեղադրանքի, 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը իմպիչմենտի միջոցով Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու նախաձեռնություն էր սկսել և հայտարարել, որ իրենց վարչապետի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է։

