
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Այս մասին հայտնել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն,- գրում է Ալիքը: Ղարիբաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափի ապօրինի եկամտի օրինականացման համար։ Դատախազությունը միջնորդել է Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ խափանման միջոց կիրառել 1 մլն․ լարիի չափով գրավը, ինչպես նաև առգրավել Ղարիբաշվիլիի անձնագիրը և արգելել նրան լքել երկիրը։ Գլխավոր դատախազի խոսքով՝ Ղարիբաշվիլին ամբողջությամբ ընդունել է մեղադրանքը։ Ըստ նրա՝ Ղարիբաշվիլին կարող է տրամադրել 1 մլն․ լարի գրավ՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անշարժ գույքի տեսքով։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ օրերս Պետանվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ կապված անձանց և այլ նախկին պաշտոնյաների տներում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել է 7․002․200 դոլար և 136․000 լարի՝ կանխիկ։ Կանխիկից բացի՝ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 198 զարդեր և ժամացույցներ, թանկարժեք նկարներ, հազարավոր էջանոց փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարք։

