
2022թ․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով միջազգային նշանակություն ունեցող առողջարանային քաղաք Ջերմուկը կանգնել է տնտեսական լուրջ խնդիրների առաջ, զբոսաշրջիկները խուսափում են Ջերմուկ այցելությունից։
Վերջին շրջանում Ջերմուկ այցելած մարդիկ նշում են, որ հրետակոծության հետևանքներից վերականգնվող քաղաքում նախորդ տարիների զբոսաշրջային ակտիվությունը չի նկատվում։
Այդ է պատճառը, որ ֆեյբուքյան շատ օգտատերեր կոչ են անում գալ Ջերմուկ, վայելել այս տարվա յուրահատուկ աշունը։
Դրանից բացի «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը նախաձեռնել է նաև օնլայն ստորագրահավաք` կոչ անելով պետական մարմիններին աջակցել ծանր իրավիճակում հայտնված առողջարանային քաղաքին։ «Ֆորս-մաժորային պայմաններում ծառայություններ մատուցող քաղաքը ոտքի կանգնեցնելու համար անհրաժեշտ է պետության օպերատիվ աջակցությունը։ Տեղեկատվության անբավարար հոսքի, ինչպես նաև թերի ներկայացման պատճառով զբոսաշրջիկները զգուշանում են այցելել քաղաք: Այդ պարագայում քաղաքի հիմնական աշխատատեղեր ապահովող ընկերությունները ի վերջո ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը, քաղաքի բնակիչները կարտագաղթեն, իսկ քաղաքը կվերածվի սահմանամերձ անբնակ գոտու»,-ֆեյսբուքյան իր էջում ահազանգ է հնչեցրել Թեհմինե Ենոքոյանը: Հավելելով, որ տարբեր լրատվամիջոցներին տրված հարցազրույցների ժամանակ տնտեսվարողները բարձրաձայնել են խնդրի մասին և մասնավորեցրել, թե ինչ աջակցություն են ականկալում ստանալ պետությունից։ Օրինակ, որոշ ժամանակով ազատվեն հարկերից, փոխհատուցվի էլեկտրաէներգիայի, գազի ծախսերը և այլն։
Որոշ փորձագետներ պետական մարմինների անտարբեր վերաբերմունքը մեկնաբանում են հետևայլ կերպ՝ առողջարանային քաղաքի զարգացման և գոյատևման միակ ելքը դարձնել հանքարդյունաբերությունը և հող նախապատրաստել Ամուլսարի շահագորման համար։
«Այսպիսի անտարբերությունը անթույլատրելի է»,-ասում է «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը, մանավանդ որ Ջերմուկը նման իրավիճակում է հայտնվել անհաղթահարելի ուժի ազդեցությամբ։ Նրա խոսքով՝ էկոնամիկայի նախարարի և այլ գերատեսչական մարմինների ներկայացուցիչների ելույթներում այն միտումն է նկատվում, որ սպասում են քանդվի 70-80 տարի քաղաքում ձևավորված տնտեսությունը, որին մարդիկ շատ մեծ դժվարություններով են հասել, որ ցույց տան, թե Ջերմուկը որպես առողջարանային քաղաք պահելը տնտեսապես շահավետ չէ և պետք է Ջերմուկը հանքարդյունաբերական քաղաք դարձնել։ Այնինչ, հիմա ռիսկերն ավելի են շատացել։ Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանը թիրախավորել էր բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները, և ակնհայտ է, որ Ամուլսարի շահագործման պարագայում անպայման կթիրախավորվեր ցիանային պոչամբարը ևս, ինչը անդառնալի էկոլագիական աղետ կլիներ։

