Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/1/2022
share

Աղտոտվում եք, թե՝ ոչ, կիմանաք միայն գրավոր հարցումով

cvmedia.am կայքը վերջին շաբաթների ընթացքում մի քանի անգամ քաղաքացիներից ստացված ահազանգերի հիման վրա հրապարակումներ է արել Ախթալա գետակի աղտոտման մասին, թե ինչպես են Ախթալայի ԼՀԿ-ի հարակից տարածքից, խողովակով ոչ պարզ ջրերը թափվում և խառնվում Ախթալա գետակին։ Մեզ հայտնի դարձավ, որ հերթական ահազանգից հետո, հունվարի 4-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, արձագանքելով հրապարակումներին,դիտարկումներ է իրականացրել դեպքի վայրում։ Cvmedia.am-ը փորձեց կապ հաստատել տեսչության հետ և տեղեկություններ իմանալ դիտարկման մասին։ Բազմաթիվ զանգերից հետո ի վերջո մեզ հաջողվեց կապ հաստատել տեսչության հետ, սակայն տեսչության աշխատակիցն ասաց, որ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում։ Cvmedia.am-ը այս թեմայի շուրջ կապ հաստատեց նաև «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի հետ, ով նկատեց, որ տեսչությունը նախկինում ևս դիտարկումներ է իրականացրել իրենց ահազանգների հիման վրա, որոնք էական արդյունք չեն տվել, աղտոտումը շարունակվում է։ Օլեգ Դուլգարյանն ասում է՝ «Նախկինում իրականացված դիտարկումներով, մի դեպքում՝ Ախթալա ԼՀԿ-ի տարածքից Ախթալա գետակ թափվող այդ ջուրը, բնորոշել են որպես պարզեցված արտադրական ջուր, որը կարծես թե վնասակար չի, մյուս դեպքում՝ Ախթալա գետակի դեղնավուն գույնը կապել են կավահողերին խառնվելու հետ, այնինչ խնդիրը շատ պարզ է․ Ախթալա գետակի հունը ամբողջապես շրջապատված է դեղին գույնի թափոնակույտերով, որոնք անընդհատ խառնվում են գետի ջրերին»։ Ինչ վերաբերվում է պարզեցված արտադրական ջրերին, ապա Օլեգ Դուլգարյանը նշում է, որ դրանք ևս հագեցված են ծանր մետաղներով, որոնց ուղիղ արտանետումը գետի մեջ ունենում է բացասական հետևանքներ։ Բնակիչներն անհանգստացած են, քանի որ վերջին տարիներին չեխական «Առնիկա» կազմակերպությունը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը» «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ համատեղ իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ծանր մետաղների բարձր պարունակություններ են հայտնաբերվել ոչ միայն հողի, ջրի մեջ, այլև՝ մարդու օրգանիզմում։ Ահազանգող քաղաքացիների համար այս խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ դիտարկման մասին ինֆորմացիա ստանալու համար տեսչությունից միայն գրավոր հարցում են պահանջում։ Գրավոր հարցման հետ կապված Օլեգ Դուլգարյանը նշում է, որ համայնքի բնակիչները պետք է մաքսիմալ իրազեկված լինեն դիտարկման արդյունքներից, ավելին՝ կարողանան մասնակցել դիտարկմանն ու մոնիտորինգին։ Բացի այդ Օլեգ Դուլգարյանը նշեց նաև, որ գրավոր հարցումը դեռևս երաշխիք չէ, որ քաղաքացին պատշաճ կիրազեկվի։ 2020 թվականին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն մի քանի այլ կազմակերպությունների հետ համատեղ գրություն են ուղարկել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, սակայն երկար ժամանակ այդպես էլ պատասխան չեն ստացել, միայն հեռախոսով կապվելուց հետո, նոր տեսչությունից գրավոր պատասխանեցին, այն էլ դա միջանկյալ պատասխան էր, վերջնական պատասխանը այդպես էլ չստացանք»,- նշում է նա։


cvmedia.am լրագրող Սոնա Խլոպուզյան

 

4

facebook sharing button facebook